20/11/2017 14:11
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղություններն արդեն ուրվագծված են. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազմաթիվ ուղղություններ արդեն ուրվագծված են, հակամարտության շարունակականության մեջ ոչ ոք շահագրգռված չէ, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
«Համակարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ, հատկապես, որ արդեն ուրվագծվում են մի շարք ուղղություններ, որոնք պետք է արդյունքի բերեն», - ասել է նա:
«Շարունակելու ենք փնտրել փոխադարձ ընդունելի լուծումներ` հաշվի առնելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու երեք համանախագահների վերջին հանդիպման արդյունքները», - ավելացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարներ կան, դրանցով պետք է միայն վերջնական փաստաթուղթ հավաքել:
«Հակամարտության լուծման բոլոր գաղափարները սեղանին են: Դրանցից պետք է վերջնական, բոլորի համար ընդունելի փաստաթուղթ ստանալ: Մենք բոլորս գիտենք` որտեղ ենք գտնվում ու ինչպես պետք է առաջ շարժվենք», - ասել է նա: