20/11/2017 12:12
Փաստաբանը պահանջեց արդարացնել Սամվել Բաբայանին
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները պետք է հանդես գան պաշտպանական ճառերով:
Նախ ճառը ներկայացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը և հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Հիշեցնենք՝ մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման:
«Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ», - հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ Բաբայանի առնչությունը այդ ամենին ընդամենը եղել է որպես խորհրդատու:
Նրա պնդմամբ, եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չէր առաջադրվի:
«Մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով», -հայտարարեց Քալաշյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ներքին զննման օպերատիվ գաղտնալսումներին՝ Քալաշյանն ասաց, որ այդ գաղտնալսումներում, որտեղ առկա են Բաբայանի խոսակցությունները, որևէ կերպ Բաբայանի կողմից չի հիշատակվում գումարը, դրա չափը:
Հետևաբար, ըստ փաստաբանի, նշված գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները անհիմն են:
Փաստաբանի մոտ առաջադրված մեղադրանքից մի քանի հարց է առաջացել. «Եթե զենքի պատվիրատուն Բաբայանն է, եթե նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի և Գաբրիելյանի զրույցում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որևէ խոստում չի տվել»:
Փաստաբան Քալաշյանը նաև նկատեց, որ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը ևս ճիշտ չէ, քանի որ նա ի վերջո զենքը ձեռք չի բերել. «Նրա կատարած գործողություններում առկա է հանցակազմի փորձ, քանի որ նրա մոտ փաստացի զենք չի եղել, նա փորձել է ձեռք բերել զենքը, և դրա մասերը նա տեսել է միայն լուսանկարով, հետևաբար նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ»:
Քալաշյանը ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով միջնորդեց արդարացում Բաբայանի համար:
«Սամվել Բաբայանն անուրանալի օգուտ է տվել երկրին ծանր իրավիճակում: Ի վերջո, հարգելի դատարան, մենք գործ ունենք հերոսի հետ», - հայտարարեց Քալաշյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը, ներկայացնելով մեղադրական ճառը, հայտարարել էր, որ Բաբայանի և մյուսների նկատմամբ մեղադրանքը հաստատվում է ու միջնորդել էր դատարանին Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: