20/11/2017 19:48
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը. «Հուշապատում» պատկերագրքի շնորհանդեսն ու անակնկալը
Այսօր Հայաստանի Նկարիչների միությունը իր հարկի տակ հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի արվեստը գնահատողներին, որոնց թվում էին միության նախագահ Կարեն Աղամյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, ուսանողներ ու արվեստագետներ: Առիթը նկարչի 75-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսն ու «Հուշապատում» պատկերագրքի շնորհանդեսն էր:
«Վլադիմիր Աբրահամյանն իմ վաղեմի ընկերներից է, ում ճանաչում եմ 7-8 տարեկան հասակից: Միասին Պիոներ պալատի նույն խմբակն էինք հաճախում: Նա հոյակապ տիրապետում է կերպարվեստի նրբություններին, կարճ ժամանակում հսկայածավալ ու հրաշալի աշխատանքներ է մատուցում», - բացման խոսքում նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նկարչի՝ գրեթե կեսդարյա պատմություն ունեցող նկարների կողքին տեղ են գտել նաև 2017 թվականի աշխատանքները: Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը նկատեց՝ Վլադիմիր Աբրահամյանի փորձն ու երևակայությունը, վարպետությունը տարիների ընթացքում առավել հասունացել են, նրա գործերը համամարդկային արժեք ունեն: Այս աշխատանքները տարիներ անց զարդարելու են լավագույն ցուցասրահներն ու թանգարանները՝ մեծ պատիվ բերելով հայ ազգին:
ՀՀ վաստակավոր նկարչի «Հուշապատում» պատկերագիրքը, որում տեղ են գտել իր լավագույն կտավները, նվիրված է 1949 թ-ին բռնադատված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երախաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին: Տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ՝ «Անտարես» հրատարակչությունում։
«Այստեղ իմ կյանքի պատմությունն է, որը ոչ թե գրավոր տեսքով է, այլ՝ նկարների: Ամեն մի նկար իմ կենսագրության մի հատված է ներկայացնում՝ պատերազմ, հաղթանակ, դժվարություններ: Եթե կյանքս մի քիչ ավելի երկար տևի, կշարունակեմ ստեղծագործել ու նոր կտավներ պատրաստել», - խոստացավ 76-ամյա նկարիչը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին:
Ի դեպ, Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանը փոքրիկ անակնակալ ուներ այդ շրջանում բնակվող նկարչի համար: Թաղապետ Վաղինակ Մկրտչյանն անձամբ հանձնեց շնորհակալագիրը Վլադիմիր Աբրահամյանին՝ գնահատելով նրա ոչ միայն արվեստը, այլև ներդրումը վարչական շրջանի ցանկացած մշակութային միջոցառմանը: