21/11/2017 11:53
Նալբանդյանն ու Լավրովը հատուկ ուշադրություն են դարձրել Արցախի կարգավորման խնդրին
Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Հայաստան խորհրդանշական իմաստ ունի. այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մեծամասշտաբ փաստավավերագրական ցուցահանդես է բացվում՝ «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն՝ դարերով ստուգված» խորհագրով։
«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք ամբողջ մեր երկկողմանի հարաբերությունները, մանրամասն անդրադարձանք բարձր քաղաքական համաձայնությունների կատարման ընթացքին, որոնք այս տարվա՝ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների երեք հանդիպումների ընթացքում էին ձեռք բերվել», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նա ընդգծեց, թե լրացուցիչ իմպուլս են ստացել պաշտոնական այցելությունները, ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարների ու խորհրդարանների ղեկավարների հանդիպումները։
Նալբանդյանը նշեց, որ արձանագրել են երկկողմանի ապրանքաշրջնառության տնտեսական ակտիվության աճ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մի շարք ռեգիոնալ ու միջազգային օրակարգի հարցեր, անվտանգության հարցեր, հատուկ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ բանակցությունները լիակատար փոխըմբռնմամբ են անցել, որ բնական է դաշնակից երկրների համար։