21/11/2017 16:16
Եթե ինչ-որ մեկն ինձ ինքնաթիռ նվիրեր, չէի հրաժարվի. Դերասան Արման Նավասարդյանը նշում է 35 ամյակը
Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանն այսօր նշում է ծննդյան 35 ամյակը: Թեև տարին հոբելյանական է, սակայն դերասանն օրն առավոտից անցկացնում է աշխատանքի մեջ՝ ընտանեկան փոքրիկ խնջույքը հետաձգելով մինչև երեկո:
«Այժմ թատրոնում ուսանողներիս հետ փորձի եմ, ամսի 27-ին ներկայացում ունենք խաղալու: Ես ամսի 23-ին Մոսկվա եմ մեկնում, վերադառնալու եմ ու բեմ բարձրանանք, այլևս փորձի ժամանակ չեմ ունենա: Ոչինչ, այսօր մի փոքր շուտ կգնամ տուն ու ընտանիքս «բողոքելու» առիթ չի ունենա, միասին կնշենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա. Նավասարդյանը:
Դերասանին առաջին շնորհավորողը ուղիղ կեսգիշերին կինն է եղել, որին հաջորդել են հարազատների, ընկերների ու գործընկերների շնորհավորանքները: Խոստովանում է՝ ծննդյան օրերի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք չունի, ո՛չ սրտնեղում, ո՛չ էլ անհամբերությամբ է սպասում: Ունեցած 35 նոյեմբերի 21-երից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ու յուրահատկությունն է ունեցել. անցկացրել է բեմում, բանակում, արտասահմանում:
Անդրադառնալով 35 տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին՝ հոբելյարը նկատեց.
«Գլխավոր ձեռքբերումս ընտանիքս է, նաև՝ այն, ինչ հիմա ունեմ: Ինչ վերաբերում է բացթողումներին, չեմ կարող որևէ հստակ բան նշել: Գիտեմ, որ ամեն ինչ առջևում է: Բնույթով այնպիսին եմ, որ եթե նպատակ դնեմ այս կամ այն բանն ունենալու, անպայման կունենամ»:
Նյութական նվերներին հոբելյարը բոլորովին ուշադրություն չի դարձնում: Սակայն կա մի բան, ինչից երբեք չէր հրաժարվի՝ մանկության երազանքի իրականացումը:
«Նյութականը՝ տուն, ավտոմեքենա ու նման բաներ, յուրաքանչյուրն ինքը պետք է իր համար գնի: Բայց այ, եթե ինչ-որ մեկն ինձ ինքնաթիռ նվիրեր, չէի հրաժարվի, նույնիսկ՝ սիրով կվերցնեի: Մանկությանս միակ երազանքը, որը մինչև այսօր ինձ հետ ապրում է, օդաչու դառնալն է: Բայց տարիները լավը չէին. 90-ական թվերն էր, հնարավորությունները սահմանափակ էին, պատերազմ էինք անցել: Դժվար էր… Բայց այդ ցանկությունը մինչև հիմա ինձ հետապնդում է. եթե թողնեն երկու անգամ թռնեմ, գոհ կլինեմ: Ես բոլոր օրենքները գիտեմ, տիրապետում եմ օդաչուի պարտականություններին», - ժպիտով ընդգծեց նա:
Aysor.am-ն ընթերցողներին ամիսներ առաջ է տեղեկացրել, որ Արման Նավասարդյանը Ռուսաստանում նկարահանվում է «Քոմեդի Քլաբ» փրոդաքշնի կողմից պատրաստվող ռուսական սիթքոմում՝ հայ շեֆ-խոհարարի կերպարում: Առաջին եթերաշրջանի նկարահանումները կավարտվեն մի քանի օրից:
Զրույցի վերջում, հարցին՝ ծննդյան օրվա կապակցությամբ ի՞նչ կմաղթի դերասանն ինքն իրեն, պատասխանեց՝ առողջություն:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արման Նավասարդյանին՝ մաղթելով առողջություն և անձնական ու ստեղծագործական հաջողություններ: