21/11/2017 17:56
Շքեղ աստղաբույլ՝ Գյումրու դրամատիկականի բեմում. ԵՊԿ ԳՄ-ն 20 տարեկան է
Այս տարի լրանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը: Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգևոր ճգնաժամի և անհուսության առջև, երբ համատարած ընդարմացման և նիրհի մեջ, որպես հուսո փարոս, մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը, և 1991 թ.-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք, ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյումրու «Արվեստների ակադեմիայի» հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ Վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի գործունեության կարևորությունը:
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում նշվելու է ԵՊԿ ԳՄ ստեղծման 20 ամյակը: Հոբելյանական տարում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, գիտաժողովներ ՀՀ մարզերում, Երևանում և արտերկրում մ(Ավստրիա, ԱՄԷ, Սլովենիա, Իտալիա, Չեխիա, Շվեդիա և այլուր):
Հոբելյանական միջոցառումների պսակը կհանդիսանա դեկտեմբերի 2-ին, երբ հանդիսավոր պայմաններում Գյումրու դրամատիկական թատրոնում կնշվի հիմնադրման 20 ամյակը: Հանդիսություններին կմասնակցեն գործընկեր բուհերի պատվիրակություններ մեկ տասնյակից ավելի երկրներից:
Հանդիսավոր երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն բոլոր այն մարդիկ ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեն բուհի ստեղծման և կայացման գործում: Միջոցառմանը ներկա կինի անձամբ մաեստրո Լորիս Ճգնավորյանը: