23/11/2017 11:13
Հանրային ծառայությունների ոլորտում հերթական անգամ անկառավարելի վիճակ է. Բաբկեն Պիպոյանը՝ ջրի թանկացման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախօրեին որոշել է՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Սերգոյանն էլ նշել է, որ սպառողի համար սակագինը կմնա նույնը:
Թեև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը չի ուզում մեկնաբանել «հերթական դեմագոգիկ» հայտարարությունը, սակայն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով պնդմանը, թե սպառողը դրանից չի տուժի՝ ասաց.
«Համակարգի նկատմամբ կա անվստահություն, որը ձևավորվել է բոլոր հիմքերն ունենալով։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք ջրամատակարարման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, ավելին՝ «Երևան ջուր» ընկերությունը սպառողների հետ կապված պարտավորություններ ուներ ստանձնած, բայց առանց դրանք կատարելու՝ լքեց հանրապետության տարածքը։ Հիմա նորից միավորվել են ու քննարկում են, թե այս ու այն պետք է արվի, բայց դարձյալ չեն ասում, թե ինչպես պետք է արվի, իսկ նախկինում ստանձնած պարտավորությունները կատարված են, թե այդպես էլ առանց անելու է մնացել», - ասաց Բաբկեն Պիպոյանը։
Սպառողների շահերի պաշտպանն ասաց, թե բաց է մնում հարցը՝ ինչու չեն արվում ծախսերը և ինչու են սպասված ծախսերի մասով թանկացումներ իրականացվում, որքան պետք է այս անհեթեթ վիճակը շարունակվի.
«Այս հարցին պետք է պատասխանեն, որովհետև թե տնտեսվարողն ինչ է ասում, ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքրում է պետության դիրքորոշումը։ Հիմա պետք է հասկանանք, թե նախկին տնտեսվարողը սպառողների առջև առանց իր պատասխանատվությունը կրելու ինչու այդքան հեշտ գնաց, որ այսօր նորից կանգնած ենք թանկացման խնդրի առջև»։
Ահա այս հարցերն են, ըստ Բ. Պիպոյանի, որ պատասխան չունեն։
«Վերահսկողության մեխանիզմ չկա և այս երկրում հերթական անգամ հանրային ծառայությունների ոլորտում, մեղմ ասած, անկառավարելի վիճակ է։ ՀԾԿՀ-ն նայում է միայն գինը, հիմնավորված է, թե ոչ, մնացած հարցերին բոլորովին ուշադրություն չի դարձնում»։