24/11/2017 13:47
Հնարավոր է՝ ԵԱՏՄ միասնական վճարային տարածքը ստեղծվի մինչև 2019-ի տարեվերջ
Եվրասիական տնտեսական միության միասնական վճարային տարածքը կարող է ստեղծվել մինչև 2019 թվականի վերջը: Այս մասին Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմելյովը հայտնել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի և կենտրոնական բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման արդյունքներով, հայտնել է ՎՔԱՀ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի, կարգավորումը, օրենսդրությունը, մշակույթը, և աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերի ինտեգրացիայի շրջանակում ինչ-որ հարցեր մենք պետք է նորից որոշենք: Սակայն ծրագրում ենք ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ստեղծումն ավարտել մինչև 2019-ի տարեվերջը», - ասել է Կոմելյովը:
Ռուսաստանի Բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան իր հերթին հանդիպման արդյունքներով նշել է, որ նրա մասնակիցներն արդեն բազմակողմանի համաձայնագիր են պատրաստել ԵԱՏՄ վճարային համակարգերի գործունեության հսկողության և դիտարկման ոլորտում: Նա հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի 2018 թվականի առաջին կեսին: