24/11/2017 15:51
Նոյեմբերի 29-ին տեղի ունենալիք համերգը կլուծի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի կառուցման հարցը
Նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգային երեկոյին կմասնակցեն Արամ MP3-ն, Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլք։ Միջոցառումը նաև հումորային հատված կունենա, որն ապահովելու է դերասան Հայկ Պետրոսյանը: Այս համերգը ամփոփումն է Հայաստանում և Սփյուռքում իրականացվող՝ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շարքի, որոնց միջոցով «Էխո» հասարակական կազմակերպությունը փորձում է լուծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման հարցը:
«Մեր կազմակերպությունը 2008 թվականից իրականացնում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վերականգնողական անվճար ծրագիր: Այս տարիների ընթացքում կազմակերպության օժանդակությանն ապավինող երեխաների թիվը հասել է մոտ 200-ի: Նրանք տարբեր բարդությունների առողջական խնդիրներ ունեն: Տարեցտարի դրական տեղաշարժն առավել նկատելի է դառնում: Սակայն միայն պետպատվերի շրջանակներում վերականգնողական բուժում ստանալն այնքան էլ արդյունավետ չէ: Հանգել ենք այն եզրակացությանը, որ միայն վերականգնողական բուժման ստանդարտ մեխանիզմներ են, մենք չունենք այլընտրանքային լուծումներ: Ծնողների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ վերականգնողական կենտրոնը պետք է նաև կրթական մաս ունենա», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Էխո» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյան:
Նախագահը նկատեց՝ երեխաներին օրական 3-4 վերականգնողական կենտրոն տանելը բարդ է, երախան շատ է հոգում, վերականգնման արդյունքն էլ աննկատ է մնում: Այդ ամենը բացառելու նպատակով էլ անհրաժեշտություն առաջացավ ստեղծեց մի կենտրոն, որը կհամախմբի 6 ծառայություն՝ մեկ տեղում: Ներկա պահին հասարակական կազմակերպությունը բանակցություններ է վարում կառավարության հետ՝ տարածքի հարցը լուծելու ակնկալիքով:
«Մեր երկրորդ երազանքն է՝ կետրոնին տրվելիք տարածքին կից նաև ներառական սպորտի հնարավորություն ունենանք, քանի որ սպորտն էլ է օգնում բուժմանը: Նաև մեր գործընկերներն առաջարկեցին Չինաստանից բժիշկների հրավիրենք, ովքեր ասեղնաբուժություն կկիրառեն: Ռազմավարական ծրագրում նախատեսված է նաև միկրոավտոբուս, որը Երևանում՝ լիարժեք, իսկ մարզերում՝ մասնակի կլուծի երեխաների տեղափոխման հարցը», - մանրամասնեց նա:
Վերականգնողական այլընտրանքային ծառայությունների կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2018 թվականին. հուսով են, որ մինչև մարտ ամիսը տարածքի հարցը կլուծվի, վերանորոգման աշխատանքներից հետո էլ կծառայի բուն նպատակին:
«Առաջին անգամ ցանկանում ենք ներդնել նաև ինքնաֆինանսավորող մեխանիզմը, որը շատ երկրներում փորձարկել են, աշխատող տարբերակ է: Օրինակ՝ ժամը 16:00-ից հետո մատչելի գներով վերականգնողական բուժումներ կտրամադրվեն մեծահասակներին», -ավելացրեց Ս. Օհանջանյանը:
Կենտրոնը հետագայում մասնաճյուղեր կունենա նաև մարզերում, առաջնային թիրախային մարզ է համարվում Կոտայքը:
Անդրադառնալով նոյեմբերի 29-ի ամփոփիչ համերգին՝ նշենք, որ այն կվարեն Ժակը և Լուսինե Բադալյանը։ Տոմսերի համար սահմանված գինը չի գերազանցի 2000-ը, կլինեն նաև 1000 և 1500 դրամանոց տոմսեր:
«Կարծում եմ՝ մատչելի տարբերակ է մեր համաքաղաքացիների համար, որպեսզի գան և վայելեն համերգը: Մեկտեղ, հիանալի հնարավորություն է՝ վերականգնողական կենտրոնի համար այս փոքրիկ ներդրումով որոշակի առաքելություն իրականացնելը: Տարբեր երկներում ենք համերգներ ունեցել, փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մոտ ցանկություն կա համերգներին մասնակցել, լավ երաժշտություն լսել և օգնել: Բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ենք ստանում, որով ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքներով մեզ օգնեն: Այնպես որ բարեգործություն անելու և աջակցելու գիտակցումը մեր հասարակության մեջ շատ մեծ է», -մանրամասնեց կազմակերպության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունին:
Կազմակերպությունը վերջերս կենտրոնի երեխաների համար Մշակույթի նախարարության աջակցությամբ «Մշակութային շաբաթ» ծրագիրն է իրականացրել: Երեխաներն այցելել են Խնկո ապոր անվան գրադարան և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Առաջիկայում էլ կլինի ֆոտոցուցահանդես: