24/11/2017 11:52
Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան տարօրինակ էջի հեղինակները երեխաներն են
Վաղ առավոտից ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հաքերները կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան էջը։
Իրականում, հաքերները ոչ մի կապ չունեն Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան տարօրինակ էջի հետ. այս ամենի «մեղավորները» երեխաներն են։
«Օրվա դրական լուրը. երեխաները իրենց հսկողության տակ են վերցրել իմ Facebook-յան էջը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրն է։ Այդ առթիվ աշխարհի տարբեր երկրներում մի շարք միջոցառումներ են անցկացվել՝ լսելի դարձնելով երեխաների ձայնը», - Aysor.am-ին պարզաբանեցին «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակից, որոնց նախաձեռնությամբ էլ Մխիթարյանի Facebook-յան էջը մի քանի օր վարելու են երեխաները։
Գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանի ազգային հավաքականի էջը վարելու են միայն հայ երեխաները։
«Իրականում, հայ երեխաների ձայնը չի լսվում համաշխարհային հարթակներում, այդ պատճառով էլ որոշեցինք այս նախաձեռնությունն անել», -փոխանցեցին «ՅՈՒՆԻՍԵՖ»-ից։
Հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Հենրիխ Մխիթարյանի արձագանքն այս ամենին, պատասխանեցին. «Շատ պոզիտիվ, հենց ամենասկզբից էլ Հենրիխը սիրով համաձայնեց այս նախաձեռնությանը»։
Հիշեցնենք, որ մեկ տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը միացել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի թիմին՝ որպես բարի կամքի դեսպան։
Positive disruption of the day – children have taken over my Facebook page to close off the week for World Children’s Day #KidsTakeover pic.twitter.com/FzmxKHNCV5
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 24, 2017