27/11/2017 11:24
Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել. Էդմոն Մարուքյան
ԵԱՏՄ-ին անդամակցությամբ ՀՀ-ն սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում ապրել է հետընթաց, ՀՀ անվտանգությունը չի երաշխավորվել, «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
«ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջին սպառման շուրջ 900 ապրանք ՀՀ տարածքում թանկանալու է, որից 759-ը թանկանալու է արդեն 2018 թվականի հունվարի 1-ից: Դա է պատճառը, որ մենք արդեն շուկայում սկսում ենք զգալ թանկացումները», - նշեց Մարուքյանը:
Վերջինս ընդգծեց, որ ԵԱՏՄ պայմանագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովվում աշխատուժի, ապրանքների ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը, և ԵԱՏՄ անդամակցությունը խանգարում է երրորդ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացմանը:
Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի ազատ կարգավորմանը:
«ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին: Բայց ԵԱՏՄ անդամակցությունից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը շատացել են», - նշեց պատգամավորը՝ վկայակոչելով ապրիլյան պատերազմը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրմանը՝ Մարուքյանը նկատեց, որ դա «և-և»-ի քաղաքականություն չէ:
«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և-և» տեղի չի ունեցել: «Եվ-և» կարող էր տեղի ունենալ, եթե ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր», - նշեց նա:
Մարուքյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում դեպի Եվրոպա, որը նաև կնպաստի անվտանգության բարձրացմանը: «Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել: Տնտեսությունը չզարգացնելով՝ մենք չենք կարողանում այդ վարկերը փակել», - հավելեց նա: