27/11/2017 19:21
Այս տարի մենք կփայլենք. ոճաբան Արփինե Կոշտոյանը՝ 2018-ի նորաձևության միտումների և իր 24 ամյակի անակնկալի մասին
Ոճաբան Արփինե Կոշտոյանն այսօր նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում նկատեց՝ ծննդյան օրերին երբեք առանձնակի կարևորություն չի տվել, այս տարին էլ բացառություն չէ:
«Միշտ նշում եմ ընտանեկան մտերմիկ միջավայրում: Այսօր էլ առավոտից աշխատանքի մեջ եմ, գործընկերներիս հետ եմ անցկացնում, այսպես ասած՝ տոնական, բայց աշխատանքային օր է: Երեկոյան էլ այս գեղեցիկ մթնոլորտը կշարունակվի մտերիմներիս ու ընտանիքիս անդամների միջավայրում»,-ժպիտով նշեց ոճաբանը:
Հոբելյարին առաջինը եղբայրն է շնորհավորել, առաջին անակնկալի հեղինակն էլ ամուսինն է եղել: Խոստովանում է՝ թեև նյութական նվերներին կարևորություն չի տալիս, այնուամենայնիվ, այս տարվա նվերը նրան շատ է ուրախացրել:
«Ինձ համար կարևորը վերաբերմունքն է: Իրականում, արդեն իսկ շատ թանկ մարդկանցից եմ զանգեր ստացել: Բայց չեմ հերքի՝ կար մի բան, որ երկար ժամանակ էի ուզում, ու այս տարի ամուսնուս կողմից անակնկալ կերպով՝ ստացա: Թե ինչի՞ մասին է խոսքը՝ չեմ բարձրաձայնի, միայն կասեմ, որ այդ անակնկալը կուրախացնի նաև իմ հաճախորդներին: Շատ շուտով այդ մասին բոլորը կիմանան», - խոստացավ մեր զրուցակիցը:
Հարցին՝ որո՞նք են 24 տարիների ձեռքբերումներն ու բացթողումները, պատասխանեց.
«Այսօր ունեցածս այն ամենն, ինչն ինձ պետք է երջանիկ լինելու համար, հենց իմ ձեռքբերումն է: Մնացած բացերը, վստահ եմ, աշխատանքի շնորհիվ կլրացնեմ»:
Ա. Կոշտոյանն ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Ամուսիններն արդեն իսկ մտածում են այն համալրելու մասին:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք ցանկանում է հնարավորինս շուտ համալրվել: Այդ թվում նաև մենք ենք մտածում մեծ ու գեղեցիկ ընտանիք ունենալու մասին», - խոստովանեց Ա. Կոշտոյանը:
Շուտով Ամանորն է, ոճաբանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գույների մեջ խորհուրդ կտա դիմավորել 2018 թվականը, որո՞նք են լինելու դեղին շան տարվա նորաձևության թրենդերը:
«Այս տարի մենք կփայլենք, քանի որ ամենանորաձև թրենդը հենց փայլն է: Ամանորին պետք է կրենք փայլուն իրեր. եթե ոչ հագուստներ, ապա գոնե որոշ դետալներ՝ պայուսակ, կոշիկ կամ զարդեր: Ոսկեփայլ մետաղներն ակտուալ են համարվում հաջորդ տարվա համար: Միլանի նորաձևության շաբաթներում ցուցադրությունների ժամանակ անընդհատ հանդիպում ենք այս թրենդին: Իսկ, առհասարակ, սեզոնի տոտալ լուք են համարվում կարմիրի բոլոր երանգները: Ինչպես նաև՝ ակտուալ են մանանեխի երանգները, ծովային երանգներն ու դրանց միքսը», - մանրամասնեց նա:
Aysor.am-ի հետ զրույցի ավարտին կրկին անդրադառնալով ծննդյան օրվան՝ Արփինե Կոշտոյանն ընդգծեց. ինքն իրեն մաղթում է՝ իր կյանքում ամեն բան մնա այնպես, ինչպես կա՝ առանց կորուստների: Եվ որ ամենակարևորն է՝ ինքն իր հետ մշտապես այսքան ներդաշնակ լինի: