27/11/2017 17:02
Գևորգ Չուլյանը ստացել է իր կյանքի ամենակարևոր նվերը. «Բանակում»-ի Սամոն դարձավ 38 տարեկան
Դերասան Գևորգ Չուլյանն, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից՝ Սամվելի կերպարով, նոյեմբերի 26-ին դարձավ 38 տարեկան: Տոնական օրն այս տարի դերասանը տանն է նշել՝ ընտանիքի անդամների և մտերիմների ընկերակցությամբ:
«Սովորաբար, ծննդյանս օրը դրսում եմ տոնում, բայց այս տարի որոշեցի տանն անել: Թեև գիտեի՝ ամենաքիչը 30 հոգի է ներկա լինելու: Ոչ մեկին հատուկ չեմ հրավիրել, ով հիշել էր, եկել էր: Քույրս էր եկել, հորաքույրս, մանկությանս ընկերները, ովքեր, կարելի է ասել, մեր ընտանիքի անդամ են: Շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել, հեռախոսս ոչ մի վայրկյան չէր լռում», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց հոբելյարը:
Խոստովանեց՝ թեև 38-ը վախենալու տարիք չի, սակայն շատերը դժվարությամբ են հավատում, որ նա հենց այդքան է: Նույնիսկ, երբեմն անձնագրով հաստատելու անհրաժեշտություն է առաջանում:
«Չեմ կարծում, որ 38-ը վախեցնող տարիք է, ու չեմ էլ կարծում, որ 50-ը կամ 60-ը երբևիցե ինձ կվախեցնեն: Ամեն ինչ մարդուց է կախված. եթե նա հոգով երիտասարդ է, ժամանակին համընթաց է շարժվում՝ ամեն ինչ հրաշալի է: Դե, իմ բախտը մի քիչ ավելի է բերել՝ տարիքիցս փոքր եմ երևում: Պատահում է, որ տարիքս ասում եմ, չեն հավատում: Ստիպված եմ լինում անձնագրով ապացուցել», - ժպիտով նշեց նա:
Տոնական օրվա գլխավոր անակնկալի հեղինակները կինն ու երեխաներն էին, ովքեր կեսգիշերին աշխատավայրից տուն եկած հոբելյարին աղմուկ-աղաղակով դիմավորեցին:
«Սկզբում մթության մեջ շատ վախեցա այդ ձայներից, հետո հասկացա, որ ծնունդս են շնորհավորում: Տորթ էին պատրաստել, վրան «սալյուտ» դրել, երգում էին ու շնորհավորում: Նաև, գեղեցիկ նվերներ էին պատրաստել: Հաջորդ օրն էլ «խլոպուշկա» պայթեցրեցին մեր տանը: Այնպես որ, այս տարի աղմկոտ, բայց շատ գեղեցիկ ծննդյան օր եմ ունեցել», - պատմեց Գ. Չուլյանը:
Դերասանը չի հերքում՝ նյութական նվերների նկատմամբ անտարբեր չէ, սիրում է գեղեցիկ նվերներ ստանալ: Սակայն իր կյանքի ամենակարևոր ու սպասված նվերն արդեն ստացել է. դա իր ընտանիքն է, զավակները, ընկերներն ու հարազատները: Այն ամենն, ինչն իրեն շրջապատում է:
«Այս տարիների իմ ձեռքբերումը հենց իմ երեխաներն են, իմ ընտանիքը: Իսկ նյութական ձեռքբերումներն այնքան էլ կարևոր չեն, չլինելու դեպքում էլ չէի նեղվի: Ինչ վերաբերում է բացթողումներին, կարծում եմ՝ լուրջ բացթողում չեմ ունեցել: Ճակատագրի կողմից տրված շանսերը, հնարավորությունները ճիշտ եմ օգտագործել», - վստահեցրեց մեր զրուցակիցը:
Գևորգ Չուլյանի որդիները՝ Հրայրն ու Արտավազդը, 11 և 9 տարեկան են: Հարցին՝ ամուսիններն արդյոք չեն մտածում դուստր ունենալու մասին, ժպիտով պատասխանեց.
«Ճիշտն ասած՝ այդ խոսակցություններն անընդհատ պտտվում են թե՛ ընկերների, թե՛ բարեկամության շրջապատում, ասում են՝ երկու եղբորը քույր է պետք, բայց մենք այդ մասին դեռ չենք մտածում: Հետագայում՝ միգուցե մտածենք»:
Անդրադառնալով ներկայիս զբաղվածությանը՝ դերասանն ընդգծեց՝ թեև «Բանակում» սերիալից առաջ ու հետո բազմաթիվ նախագծերում է նկարահանվել, բայց իր համար որպես այցեքարտ դարձավ հենց Սամոյի կերպարը: Մինչ այսօր էլ նրան դրսում հենց այդ անունով են դիմում համաքաղաքացիները:
«Ներկա պահին նկարահանվում եմ «Շանթ պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվող «Էլենի օրագիրը» նախագծում: Քանի որ թեման պատանեկան է, ես առավել փոքր դերով եմ ներգրավված: Բացի նկարահանումից՝ գործունեությունս շարունակում եմ բիզնես ոլորտում, նաև մեկտեղ հանդիսավարությամբ եմ զբաղվում: Բավական ծանրաբեռնված եմ, պարապ չեմ մնում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը:
Ծննդյան օրվա կապակցությամբ Գևորգ Չուլյանն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ լինել առողջ և ֆինանսապես բարեկեցիկ: Մնացած ամեն բան ունի, ինչ էլ չունի՝ անձամբ կստեղծի: