28/11/2017 19:41
Ես ո՛չ ծխում եմ, ո՛չ խմում, դրանք իմ պլյուսներն են, բայց մինուսներ էլ ունեմ. Արմեն Մարությանը՝ վիրահատության պատճառների մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին նոյեմբերի 4-ին սրտի բաց վիրահատություն էին արել: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը հավաստիացրեց՝ արդեն ապաքինվում է ու հուսով է, որ շուտով լիովին ոտքի կկանգնի:
«Բավական բարդ վիրահատություն էր, մոտ երկու ամիս ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար: Այս միջամտության շնորհիվ մարդու կյանքն է փրկվում: Պարզորեն տեսնում ես, որ նոր երակներ են դրվում: Ժամանակ առ ժամանակ ստուգման եմ գնում, փառք Աստծո, սիրտս հիմա շատ լավ է աշխատում: Ինձ վիրահատող բժիշկն այն հզոր մասնագետներից է, ով ժամանակին իր ուսուցչին է նման վիրահատություն արել: Ինձ ասում է՝ երկու-երեք ամիս որ դիմանաս, այլևս սրտի հետ կապված խնդիրներ չես ունենա: Ես իրեն հավատում եմ: Շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար», - նշեց վաստակավոր արտիստը:
Արմեն Մարությանը սրտի հետ կապված խնդիրների մասին իմացել է պատահաբար՝ ստուգման ընթացքում:
«Շունչս մի քիչ կտրվում էր, վատ էի զգում, ու որոշեցի ստուգվել: Հենց ստուգեցին, ասացին, որ անհապաղ պետք է բաց վիրահատություն անել, քանի որ փակ վիրահատությունն ինձ այլևս չէր կարող օգնել: Իրենց վստահելով, մեր վարչապետի ասած՝ դուխով գնացի ու վիրահատվեցի: 9 ժամ վիրահատեցին, 2 օր վերակենդանացման բաժանմունքում պահեցին, 7-8 օր՝ հիվանդասենյակում, որից հետո, ճիպոտով ծեծելով, ստիպեցին քայլել: Իրենք խրախուսում են քայլելը, հիմա էլ անընդհատ զանգում հարցնում են՝ մա՞ն ես գալիս, դուրս արի քայլելու: Իսկապես, շարժումը կյանք է, եթե մեկ պառկեցիր անկողնում, այլևս դժվար կլինի վեր կենալը», - ժպիտով նկատեց արտիստը:
Ի դեպ, Արմեն Մարությանի սրտանոթային խնդիրները կապված չեն եղել ո՛չ ծխախոտի, ո՛չ էլ ալկոհոլի չարաշահման հետ: Ավելին, դեասանը արդեն 25 տարի է՝ ալկոհոլային խմիչք չի օգտագործում:
«Ես ո՛չ ծխում եմ, ո՛չ խմում, դրանք իմ պլյուսներն են, բայց ես մինուսներ էլ ունեմ՝ ճնշում, շաքար: Ինձ համար հետվիրահատական շրջանը բավական հեշտ է: Չէ՞ որ ես ծխող չեմ, դրա բացակայությունից չեմ տառապում: Հիմա երևի շատերը կասեն՝ տես, սուտ բան է, չի՛ ծխում, չի՛ խմում, բայց վիրահատվեց: Հավատացեք, եթե այդ չարաբաստիկ սովորություններն ունենայի, հնարավոր է՝ ոչ թե 65, այլ՝ 45 տարեկանում խնդրի առաջ կանգնեի ու վիրահատվեյի: Լավ բան չի ծխելը, աշխարհն այդ չարիքից հրաժարվել է, բայց հայերի մոտ դա դեռ նորաձև է», - ընդգծեց նա:
Զրույցի վերջում անդրադառնալով բեմական գործունեությանը՝ խոստովանեց, հիմա էլ կարող է բեմ բերադառնալ, սակայն դեռևս զբաղվածություն, դեր չունի:
«Ներկա պահին պրեմիերա է թատրոնում, որի մեջ զբաղվածություն չունեմ: Հանգիստ դերերը կարող եմ խաղալ, բայց մեծ, ծանր դերերը՝ դեռևս ոչ: Մեկ-երկու ամիս անց կվերադառնամ», - զրույցը եզրափակեց Արմեն Մարությանը: