28/11/2017 12:48
Հայաստանը Իրանի համար կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներ, նաև՝ Եվրամիություն մուտք գործելու համար. Նալբանդյան
Հայ-իրանական համաժողովը կարևոր հարթակ է երկու երկների պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների համար քննարկելու երկկողմ առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորություններն ու խնդիրները, Հայ-իրանական գործարար համաժողովին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարարների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների առավել գործադրմանը», - նշեց նա։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց՝ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որոնք թույլ են տալիս շահավետ ներդրումներ կատարելու ու հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու։
«Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցենլ օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող ու նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատել ու պարզեցնել մի շարք ընթացակարգեր», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություներրից է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ։
«Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ. Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով՝ առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա։ Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր գրեթե բոլոր երկրների հետ», - ասաց նա։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներ, նաև՝ Եվրամիություն մուտք գործելու համար։
«Այդ առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծովի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի», - ասաց նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին։
Նա նշեց, որ Սյունիքում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելը կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։
«Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները», - հավելեց Է. Նալբանդյանը։