28/11/2017 14:25
Ես միշտ հետաքրքրված եմ այն արվեստով, որն արմատներ ունի հայկական մշակույթում. Ջոն Հոդյան
Ավելի քան մեկ ամիս շարունակ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը մեկ հարկի տակ է միավորում հայաստանյան և արտերկրից ժամանած հեղինակավոր երաժիշտների ու անսամբլների: Փառատոնային հերթական համերգը նախատեսված է դեկտեմբերի 2-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ է ունենալու «Նաղաշ» անսամբլը:
Aysor.am-ը համերգին ընդառաջ զրուցել է անսամբլի հիմնադիր, սփյուռքահայ կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Հոդյանի հետ` տեղեկանալու համերգի ծրագրի, ինչպես նաև՝ անսամբլի գործունեության մանրամասներին:
- Պարոն Հոդյան, ի՞նչ գաղափարախոսությամբ է հիմնվել անսամբլը, և ո՞րն է գործունեության հիմնական նպատակը:
- Ես միշտ հետաքրքրված եմ այն արվեստով, որն արմատներ ունի հայկական մշակույթում և անդրադարձ՝ 21-րդ դարին: Հայոց մշակույթն ու արվեստը չպետք է սահմանված լինեն միայն մեր պատմությամբ, պետք է սահմանված լինեն նաև մեր ներուժով: Մենք ի վիճակի ենք ստեղծել նոր գործեր, որոնք կընդգծեն մեր ազնվական անցյալի ԴՆԹ-ն: Հայոց պատմությունը չի ավարտվում Ցեղասպանությամբ: Հայկական մշակույթը շարունակում է զարգանալ, ծնունդ տալ նոր ձևերի ու աշխարհին նայելու նոր ճանապարհների:
- Ի՞նչ կարող է ստանալ ու ակնկալել հայ հանդիսատեսը՝ Ձեր ստեղծագործություններն ունկնդրելով:
- Մի առիթով լսելով մեր անսամբլի երաժշտությունը` Տիգրան Մանսուրյանն ասաց. «Անսամբլը ներդաշնակեցնում է հնագույն Հայաստանի երաժշտությունը՝ այն վերահայտնագործելով ապագայի համար»: Ես երբեք գիտակցաբար չեմ գրել ինչ-որ բան, որը կարող է հայերեն հնչել: Երաժշտությունը, որ գրել եմ «Նաղաշ» անսամբլի համար, տարբեր երաժշտական ժանրերի բնական ընդլայնումն է: Ես ծնվել եմ Ֆիլադելֆիայում՝ համախմբված հայ համայնքի մեջ: Մեր տանը լսել եմ միայն հայկական երաժշտություն: Խորացված դասընթացներ եմ անցել արևմտյան դասական երաժշտության վերաբերյալ, մասնավորապես, հետաքրքրված եմ եղել Բախի, Բարոկկոյի կոնտրապունկտուալ ոճերով: Որպես երիտասարդ կոմպոզիտոր՝ բավականին զարմացած էի ամերիկյան մինիմալիստական կոմպոզիտորների գործերով (Սթիվ Ռեյխ, Ֆիլ Քեյն և այլք): Ապրելով Ամերիկայում` մարդը ենթարկվում է բոլոր տեսակի, այդ թվում՝ հանրամատչելի երաժշտության ազդեցությանը: «Նաղաշի» երաժշտությունը հայ ժողովրդական երաժշտության, ժամանակակից պոստմինիմալիզմի, եվրոպական դասական երաժշտության, ջազի և ռոքի բնական միաձուլումն է:
- Ձեր համերգը նախատեսված է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Ի՞նչ սպասելիքներով եք պատրաստվում համերգին:
- Դեկտեմբերի 2-ի մեր ծրագիրը բոլորովին նոր է: Այս համերգն ինձ համար հնարավորություն է՝ ցույց տալու երաժշտությունն այնպես, ինչպես մշտապես ցանկացել եմ լսել այն: Համերգի ձևաչափը նման է մենակատարների ելույթին: Աշխատելով Սերգեյ Սմբատյանի ստեղծած մեծ նվագախմբի հետ` ես կարողացա կրկին մտածել երաժշտության վերաբերյալ և ստեղծել այն` առանց որևէ փոխզիջման: Եվ ես զգացի, որ կարողացել եմ ընդարձակվել, պոլիռիթմերով և կոնտրապունկտերով հագեցած տողեր ավելացնել, որոնք իմ նախնական մղումներից էին, երբ ես ստեղծում էի այս երաժշտությունը: Ինձ համար կարևոր էր այս աշխատանքը ցույց տալ իմ հայրենիքում: