29/11/2017 10:32
Ամոթ է, որ միլիարդատերեր ունեցող հայ ազգը չի կարողանում 3 միլիարդ արժեք ունեցող հայ-իրանական երկաթգիծն իրականություն դարձնի. Իրանագետ
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի իրագործումը բացի տնտեսական թիրախավորումից, ունեն կարևոր ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն Հայաստանի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս ծրագրերի միջոցով է, որ մեր պետությունը պետք է ապացուցի այս տարածաշրջանում հզոր պետություն դառնալու իր հավակնությունները», - ասաց նա:
Իրանագետն ասասաց, որ այս երկու ծրագրերի իրականացման դեպքում Հայաստանն ուղղակի կզրոյացնի տասնամյակների այն ջանքերը, որոնք Հայաստանի հանդեպ կիրառել են թշնամական դիրքորոշում ունեցող Ադրբեջանն ու Թուրքիան։
Վ. Ոսկանյանի խոսքով՝ այս ծրագրերը պետք է հռչակվեն համազգային, սրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի չափազանց խիստ, որևէ կոռուպցիոն ռիսկ, որևէ անգործություն ու թերացում պետք է խստորեն պատժվի.
«Այս երկու ծրագրերը մեզանից յուրաքանչյուրի և մեր սերունդների ապագայի խնդիրն են լուծում, հետևաբար սրանց նկատմամբ մոտեցումը պետք է լինի չափազանց ուշադիր»։
Հարցին, թե Հայաստանում քաղաքական կամք կա՞ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն սկսելու համար, իրանագետը պատասխանեց, որ, իր կարծիքով, կա:
«Համենայնդեպս, քաղաքական ամենաբարձր մակարդակով այդ ծրագիրը պահվում է օրակարգում՝ հաշվի առնելով վերանշյալ մի շարք հանգամանքները։ Մեկ այլ կարևոր հանգամանք կա, ծրագիրն արժի մոտ 3 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայության համար, բազմաթիվ միլիոնատերեր ու միլիարդատերեր ունեցող ազգի համար ամոթալի է, որ չենք կարողանում 3 միլիարդանոց ծրագիր իրականացնել։ Դա պետք է մենք մեր ուժերով իրականացնենք։ Մեզ համար այս ծրագիրն ունի կենսական նշանակություն և դրանք պետք է իրականցվեն ամեն գնով», - եզրափակեց խոսքը իրանագետը: