29/11/2017 15:41
Անահիտ Մութաֆյանը հոսպիտալացվել է. դերասանուհին մանրամասնում է պատճառները
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը երեկ հոսպիտալացվել է: Պատճառը դերասանուհու նյարդային համակարգի գերլարվածությունն է:
«Երեկ ինձ մոտ ահավոր նյարդային սթրես էր, ոտքերս ու ձեռքերս բռնվել էին, ու ինձ տարան հիվանդանոց: Նման դեպք առաջին անգամ էր լինում, երևի ապրումներս, էմոցիաներս իրար էին խառնվել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Մութաֆյանը:
Մեկ օր հիվանդանոցում պահելուց հետո դերասանուհուն այսօր դուրս են գրել՝ խորհուրդ տալով ակտիվ կյանքով ապրել ու մտքերը ավելորդություններով չծանրաբեռնել:
«Նյարդն այն բանն է, որ որևէ բուժման չի ենթարկվում: Հանգստացնողներ տվեցին, նյարդերս թուլացրեցին ու դուրս գրեցին: Իհարկե, դեղեր են նշանակել, որոնք կարող եմ տանն էլ ընդունել», - ընդգծեց նա:
Հարցին՝ սթրեսն անձնակա՞ն, թե գործնական դրդապատճառներ ունի, Անահիտ Մութաֆյանը նկատեց.
«Հիմնականում, երկու պատճառն էլ արդիական է: Արդեն մեկ տարի պարապուրդի մեջ եմ, միայն թատրոնում եմ աշխատում, բայց դա հնարավորություն չի տալիս, որ դերասանն ինքնաբավարարվի իր գործում: Ամենօրյա աշխատանքից հետո կտրուկ պասիվանալը հանգստի ոչ սովոր օրգանիզմին սթրեսի մեջ է գցում: Բոլոր փոքր-փոքր պատճառները մեկտեղվում ու անդրադառնում են առողջությանս վրա»: