29/11/2017 14:48
Դանիել Երաժիշտը ներկայացրեց արքայական երաժշտությունը
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։ Նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է, ով երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս և դիրիժոր։ Նա հանդիսատեսին ներկայացրեց թագավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ընդգրկված էին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի, Կայսր Լեոպոլդ Առաջինի, Տիբո 4-րդ Նավարացու, Թագուհի Մարգարիտ Նավարացու, Հենրի 8-րդի ստեղծագործություններից։
Քանի որ հայերը դարեր շարունակ պետականություն չեն ունեցել, և մեզ ղեկավարել են կաթողիկոսները, ուստի, եվրոպացի արքաների կողքին ներկայացվեց մեր թագավոր-հոգևորականների արվեստը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոս (7-րդ դար), Ներսես Շնորհալի (12-րդ դար)։ Հնչել է նաև հայոց կառավարիչ, Դարոյնքի իշխան Աշոտ Պատրիկ Բագրատունու (7-րդ դար) շարականը։ Նա 5 տարի կառավարել է Հայաստանը, մեր երկիրն ազատել արաբ բռնակալներից, իր հարազատ Դարոյնքում կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և եկեղեցու նավակատիքի առթիվ հեղինակել է «Զորս ըստ պատկերի Քում ստեղծէր» շարականը՝ նվիրված Խաչվերաց տոնին։ Սա աշխարհական մարդու կողմից գրված առաջին շարականն է, որ ընդունել է եկեղեցին:
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև երաժշտության արքայի՝ Յոհան Սեբաստիան Բախի` Ֆրիդրիխ Մեծի թեմայով «Երաժշտական ընծա» շարքից հատվածներ:
Ստեղծագործությունները մշակվել, համադրվել են Դանիել Երաժիշտի կողմից։ Հնագույն երաժշտությունը միաձայն էր, ներկայացված գործերը Դանիել Երաժիշտը բազմաձայնել է։ Համերգային ծրագիրը երկու կոլեկտիվների ներդաշնակության արդյունք էր. կատարումներով հանդես էին գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները և «Շարական» անսամբլի երգչուհիներն ու դաշնակահարուհին։
Որպես համերգի բնաբան, Դանիել Երաժիշտն ընտրել էր Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերը. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը։ Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։
Դանիել Երաժիշտը համոզված է, որ եթե մեր այսօրվա ագրեսիվ, բռնություններով ալեկոծվող աշխարհում մեծ տեղ տան արվեստին, խաղաղություն, ներդաշնակություն, հաշտություն կսփռվի։ Ըստ մաեստրոյի՝ ղեկավարները ոչ թե զենք պետք է կուտակեն, այլ գեղեցիկն ու երկնային գանձեր։ Նախկին թագավորները մեզ այդ օրինակը ցույց են տվել։
Դանիել Երաժիշտը երեկոյի ընթացքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ խաչատրյանական փառատոնին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Փառատոն, որ Հայաստան է բերում լավագույն արտիստներին, ովքեր հիանում են մեր երկրով: