29/11/2017 15:35
Դեկտեմբերի 7-ից սկսած ձվի գնի շեմը կլինի ոչ բարձր, քան 50 դրամ. Ջանվելյան
Փոքր, հատկապես բակային խանութները, օգտվում են նրանից, որ սուպերմարկետներում շատ արագ վաճառվում է ամենաէժան ձուն, իրենք էլ նույնիսկ գնում և վերավաճառք են կատարում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Մենք դիմել ենք իրենց, ասել, որ կապահովենք իրենց անհրաժեշտ քանակը, միայն թե վերցնեն փաստաթղթով և նման պրոցեսի չգնան», - ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ նշելով, թե արտադրվող ձուն ամբողջությամբ ապահովելու է բնակչությանը։
Միության նախագահն ասաց, որ բոլոր խանութներում կան մեծ քանակությամբ փաթեթավորված ձվեր։
«Գնի բարձրացում չի լինելու, հայտարարում եմ բոլոր թռչնաբուծական ընկերությունների անունից (թռչնաբուծական ընկերությունների ղեկավարները ներկա էին լրագրողների հետ հանդիպմանը) և մի մեծ քանակի ճտեր էլ կան, որ դեկտեմբերին կմտնեն ածի տակ, և դեկտեմբերին որոշել ենք գնի իջեցում անել», - ասաց Ս. Ստեփանյանը։
«Արզնի» թռնաֆաբրիկայի անունից տնօրեն Գեղամ Ջանվելյանը հայտարարեց, որ իրենց ֆերմայի կողմից ձվի գնի բարձրացում չի լինի։
«Որոշ խոշոր ընկերությունների հետ նույնիսկ պայմանավորվածություն ունենք, և հնարավոր է, որ դեկտեմբերի 7-ից սկսած շեմը կլինի ոչ բարձր, քան 50 դրամ», - ասաց Գեղամ Ջանվելյանը։