30/11/2017 11:27
Մինչև 2 մլն հարկի չվճարումը հնարավոր է ապաքրեականցվի. վարչապետը հանձնարարական տվեց
Այսօրվա Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ: Մասնավորապես, վարչապետը նշեց, որ հնարավոր է դիտարկել մինչև 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու ապաքրեականացումը` շեմը բարձրացնելով մինչև 4 միլիոն դրամ:
«Իրականացված ուսումնասիրություններն, ինչպես նաև գործարարների հետ քննարկումներն, առաջացրել են քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն: Հիմք է ընդունվում այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց հնարավոր է արձագանքել իրավական այլ ակտերի միջոցով», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ ղեկավարին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել այս հարցի վերաբերյալ նախագծեր: