30/11/2017 11:32
Վարչապետը հանձնարարեց պարզեցնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը
Գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարակականներից մեկը ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման վերաբերյալ էր։
«Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես, մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը», - ասաց վարչապետը՝ նշելով, թե այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։
Վարչապետի խոսքով՝ ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։
«Գործող ապրանքների՝ տեղական և օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, և դրանից ելնելով՝ հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև հավաստագրերի տրամադրման մերժման կամ հիմնավոր փորձաքննության դեպքերի վերահսկողական մեխանիզմները», - նշեց Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց, իսկ ռազմավարական նախաձեռնությունների գործադիր տնօրենին ու առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ։