30/11/2017 10:21
Մենք բարձր ենք գնահատում ձեր կարևոր ու պատասխանատու ծառայությունը. Բակո Սահակյանը շնորահավորել է ոստիկանության ծառայողի օրը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում ձեր կարևոր ու պատասխանատու ծառայությունը, որի իրականացումից է մեծապես կախված մեր երկրում հասարակական անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովումը:
Համակարգի գործունեության հիմնական ուղղությունները եղել և մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը, հասարակության եւ պետության շահերի պահպանունը, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի ապահովումը, բացասական երեւույթների դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը:
Այս գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ոստիկանությունը համալրված լինի արհեստավարժ ու լավ պատրաստված կադրերով, իրենց գործին ու հայրենիքին նվիրված, համապատասխան մարդկային ու բարոյական որակներով օժտված մասնագետներով՝ մարդիկ, ովքեր կանեն հնարավորը բարձր պահելու ոստիկանի պատիվը:
Պետությունն այսուհետ ևս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով կառույցի շարունակական հագեցմանը, ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին», - ասված է ուղերձում: