01/12/2017 14:56
Օրս անակնկալներով հարուստ է լինելու. Դերասանուհի Անի Քոչարյանը նշում է ծննդյան տարեդարձը
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին նկատեց՝ սովորաբար, իր ծննդյան տոներն ամուսինն անակնկալ կերպով է կազմակերպում, այսօր էլ բացառություն չէ:
«Շնորհավորանքներս դեռ կեսգիշերից են սկսվել, առաջին շնորհավորողներն էլ ամուսինս և տղաս են եղել. միաժամանակ ինձ մոտեցան, համբուրեցին ու ջերմ խոսքեր ասացին: Այս պահին թատրոնում եմ, նախապես որևէ բան չեմ պլանավորել, բայց վստահ եմ՝ օրս անակնկալներով հարուստ է լինելու, ամուսինս, ինչպես միշտ, գեղեցիկ մի բան կպատրաստի: Չեմ թաքցնի, ինձ առավել հաճելի են փոքրիկ անակնկալները, քան նախապես կազմակերպված շքեղ միջոցառումները», - մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Մշտապես կենսախինդ Անի Քոչարյանի կյանքի գլխավոր ու լավագույն անակնկալը ամուսնուն հանդիպելն էր, իսկ ծննդյան հիշարժան օրերից առանձնացնում է 2004 թվականի մոսկովյան տարեդարձը:
«Նրա շնորհիվ գեղեցիկ ու հաճելի մթնոլորտում նշեցի տարեդարձս. ռեստորանի մի հատվածը միայն մեզ համար էր պատվիրել, հրավիրել էր մեր ընկերներին: Ճիշտ է՝ Հայաստանից դուրս էինք գտնվում, բայց տպավորիչ էր», - վերհիշեց նա:
Հարցին՝ արդյոք ինքն էլ հետևում է ամուսնու օրինակին ու վերջինիս համար տպավորիչ անակնկալներ անում, ժպիտով պատասխանեց.
«Ես իր կյանքի ամենամեծ ու միակ անակնկալն եմ: Կարծում եմ, որ բոլորն էլ ինձ հետ համամիտ են: Յուրաքանչյուր կին իր ամուսնու համար կյանքի լավագույն նվերն է: Ցանկանում եմ, որ բոլոր ամուսիններն իրենց կանանց սիրեն ու գնահատեն: Ի վերջո, կանայք շատ բան չեն ուզում, ընդամենը՝ սեր և ուշադրություն իրենց տղամարդու կողմից: Որպես կին՝ ես ինձ գնահատված եմ զգում: Փառք Աստծո, ունեմ այն ամենն, ինչն ինձ անհրաժեշտ է, և դրանով բավարարվում եմ»:
Հոբելյարը խոստովանեց՝ իր կյանքում նյութականը երբեք առաջնային տեղ չի զբաղեցրել, ամենաչնչինն է, որը կարող է իրեն հետաքրքրել: Ինչպես նշեց, հոգևոր մարդ է և առաջնորդվում է հոգով:
Անդրադառնալով այս տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին` դերասանուհին ընդգծեց, որ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքը, ընկերներն ու հարազատներն են, իսկ եթե որևէ բան էլ բաց է թողել, նշանակում է՝ իրենը չեն եղել:
Ասում են՝ ծննդյան օրվա մաղթանքներն իրականություն դառնալու միտում ունեն: Անի Քոչարյանն ինքն իրեն ուղղած միայն մեկ ցանկություն-մաղթանք ունի՝ առողջ լինի:
«Երբ կինը մայր է դառնում, իր կյանքը, կարծես թե, այլևս իրենը չէ, այլ՝ իր զավակներինը, ընտանիքինը: Ուզում եմ առողջ լինել, որպեսզի կարողանամ որդուս և ամուսնուս տալ այն ամենը, ինչը պարտավոր եմ, կորուստներ չունենամ: Հարազատներս կողքիս լինեն՝ առողջ ու երջանիկ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանուհին: