02/12/2017 21:16
Արցախում մասշտաբային զորավարժություն է անցկացվել. լրագրողներն անցել են հատուկ պատրաստություն (Տեսանյութ, լուսանկարներ)
Պայմանական հակառակորդը հետ է շպրտվել. Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի միացյալ զորախմբի կողմից անցկացվել է զորավարժություն։
Նպատակն է՝ երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցումը, ստուգելու զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրսատությունը, կատարելագործել նրանց մարտական ներդաշնակեցումը հարձակողական օպերացիայի դեպքում։
Զորավարժության հիմնական նպատակներից է նաև կատարելագործել հրամանատարների հմտությունները, հապշտապ պաշտպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ։
Միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանն ընդգծեց՝ զորավարժությունն անցկացվում է զորախմբի առկա ուժերով և միջոցներով «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով:
«Մեր նպատակն է բնագծերի զբաղեցումը և պաշտպանության անցումը: Ուսուցանել ենք ծառայության պետերին, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հարձակվողական օպերացիայի նախապատրաստման և վարման գործում», - լրագրողներին զորավարժությունների մասին մանրամասնեց Տ. Փարվանյանը:
Նրա խոսքով՝ զորավարժությունն անցկացվում է միացյալ տարբեր ստորաբաժանումների հետ միասին, որոնք կատարելու են նույն ժամանակում նույն խնդիրները:
«Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական հակառակորդը ճեղքել է մեր առաջնագիծը: Զորախումբը խնդիր ունի կանգնեցնելու հակառակորդին, ստիպելու նրանց անցնելու հապճեպ պաշտպանության և ճեղքելու պայմանական հակառակորդի պաշտպանությունը՝ մաս առ մաս ջաղջախելով իրենց զբաղեցրած դիրքերը», - ասաց Միացյալ զորախմբի հրամանատարը։
Նշենք, որ զորավարժություներին մասնակցում են բոլոր զորատեսակները և ընդգրկված են մի քանի հարյուր միավոր տեխնիկա:
«Հատկանշականն այն է, որ մեր զորախումբը ոչ միայն կանգնեցնելու է պայմանական հակառակորդին, այլ նաև մեծ մասշտաբով հարձակում է իրականացնելու: Համագործակցող միացյալ զորախմբով նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում», - ասում է Տ. Փարվանյանը:
Միացյալ զորախմբի կողմից բացահայտվել են պայմանական հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները։ Պայմանական հակառակորդը հետ է շպրտվել, իսկ ՀՀ ՊՆ ու ԱՀ ՊԲ միացյալ զորախումբը լիարժեքորեն կատարել է իր առջև դրված խնդիրը։
Ի դեպ, նշենք, որ զորավարժության շրջանակներում լրագրողները անցել են պատերազմական հնարավոր գործողությունների ժամանակ լուսաբանման պատրաստություն։
Նշենք, որ զորավարժությունների ընթացքին հետևել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։