02/12/2017 16:03
Մատենադարանում միջնադարագիտական երիտասարդական գիտաժողով է անցկացվել
Նոյեմբերի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ միջնադարագիտական 3-րդ երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն (ՄԵԳՄ):
Գիտաժողովին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ երիտասարդ հետազոտողներ՝ գիտությունների թեկնածուներ, ասպիրանտներ, հայցորդներ և բարձր կուրսերի ուսանողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից՝ Մատենադարանից, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ԳԱԱ ինստիտուտներից, Ազգային արխիվից, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ժնևի, Միլանի, Երուսաղեմի համալասարաններից, Մոսկվայից:
Մատենադարանի այս գիտաժողովն առանձնանում է իր բնույթով, քանի որ այստեղ իբրև առաջնահերթություն սահմանված են միջնադարագիտական թեմաները՝ նվիրված հայոց լեզվին և գրականությանը, ձեռագրագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, աստվածաբանությանը, բժշկությանը, երաժշտությանը և այլն:
Եռօրյա գիտաժողովն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում, բոլոր նիստերն էլ աչքի ընկան գիտական աշխույժ քննարկումներով ու հարցերի առատությամբ:
Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի նաև գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը կարևոր ներդրում կլինի երիտասարդ հետազոտողների գիտական կենսագրում:
Գիտաժողովի փակմանը Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց ՄԵԳՄ-ի 3-րդ գիտաժողովը և հույս հայտնեց, որ գալիք տարվա գիտաժողովը նույնքան ակտիվ ու արդյունավետ կլինի, իսկ ՄԵԳՄ-ի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ իր երախտագիտության խոսքն ուղղեց Մատենադարանի ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ իրենց հարուստ փորձն ու գիտելիքը երիտասարդներին սիրով փոխանցելու և նրանց աջակցելու համար: