04/12/2017 14:53
ՍԾՏՀ ԽՎ ընդունած հակահայկական հայտարարությունն էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա. Գագիկ Մինասյան
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական հայտարարությունը էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
«Մեր կառույցը տնտեսական ուղղվածության վեհաժողով է, բացի այդ էլ՝ մյուսների նման բացարձակ անկախ չէ: Այն իր ստատուսով ավելի ցածր է, քան մնացած վեհաժողովները: Բոլոր կոնֆլիկտների հետ կապված այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, ինչն ունեն այլ վեհաժողովները», - նշեց նա:
Մինասյանի խոսքով՝ այս հայտարարությունը նաև չի կարող որևէ ազդեցություն ունենալ, որովհետև Արցախի կոնֆլիկտը այլ կոնֆլիկներից տարբերվում է:
«Մեր կոնֆլիկտի պայմաններում միջազգայնորեն ընդունված կառույց կա՝ Մինսկի խումբը, որը մնացած բոլոր կառույցների կողմից խնդրի կարգավորման առումով միակն է ընկալվում ու այն 3 սկզբունքերը, որոնք հռչակված են այդ կառույցի կողմից», - ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ հայկական պատվիրակությունը չի նկատել, որ մնացած պատվիրակները բացակայում են, Մինասյանն ընդգծեց, որ իրենք շուտ են հասկացել՝ ինչ է կատարվում, մինչդեռ չցանկացավ մանրամասնել, թե ինչու չեն միջամտել:
«Մենք իմացել ենք: Այնտեղ աշխատում ենք ոչ առաջին տարին և գիտենք բոլոր միջոցները մեր պետական շահը պաշտպանելու համար», - հավելեց նա: