04/12/2017 16:41
Ականի պայթյունի հետևանքով տուժած Նարեկ Հովեյանն ունի գիտակցություն և խոսում է
Նոյեմբերի 21-ին հակատանկային ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայող Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
«Նա մեզ մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, հիմա վիճակը ծանր է, և կա դրական դինամիկա», - ասաց Արտաշես Խաչատրյանը:
Նա նշեց, որ Նարեկն ունի գիտակցություն.
«Զինծառայողը գնում է կոնտակտի, խոսում է: Հիմա պետք է մտածել նրա աչքի տեսողության վերականգնման մասին», - ասաց Արտաշես Խաչատրյանը` նշելով, որ ստացված վնասվածքների հետևանքով Նարեկ Հովեյանի մեկ աչքը հեռացված է, իսկ մյուսն ունի տեսողական խնդիր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ էին ստացել զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը ստացել էր պայթյունաբեկորային վնասվածքներ: