04/12/2017 16:21
Հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ և հակահայկական հռետորաբանությանը. Շարմազանովը ՌԴ Պետդումայում ելույթ է ունեցել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին և հանդես եկել ելույթով: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.
«Թմրամիջոցների և դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար՝ պետք է նշեմ, որ այն ևս անվտանգության մարտահրավեր է: Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար: Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ և միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, և այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ այսօր մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ և հակահայկական հռետորաբանությանը: Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն:
Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի և բոլոր միջազգային մարտահրավերների դեմ:
Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ առաջարկում եմ քննարկել «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» կազմակերպության հիմնման հարցը», - ասել է Էդուարդ Շարմազանովը։