04/12/2017 11:29
Հայ համայնքի անվան համար Նորայր Նակիսի ձերբակալությունը լավ չէր, սակայն բողոքի ակցիաներ չեն լինի. Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչ
Արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի ծագումով հայ փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսի ձերբակալությանը Արգենտինայի հայ համայնքում անտարբեր են և չեն պատրաստվում բողոքի ակցիաներ կազմակերպել, Aysor.am-ին փոխանցում են արգենտինահայ համայնքից:
Համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինչ-որ տեղ ձերբակալությունն իրենց համար սպասելի էր, քանի որ իրենք տեղյակ են ֆուտբոլային խաղերի տոմսերի վաճառքի ու թանկ գնով վերավաճառքի, ինչպես նաև խուլիգանության դեպքերին, որոնք կապվում են Նակիսի անվան հետ: Նրա խոսքով, նույնիսկ եղել են դեպքեր, երբ խաղի տոմսերը այլ ակումբների ներկայացուցիչներին անվճար բաժանելու կամ նվիրելու փոխարեն, դրանք իր կողմից վաճառվել են: «Չենք կարող ասել, թե հրեշտակ է, բայց շատ-շատ գործեր արած է, որ նորմալ չէ: Համայնքը չի ցանկանում խառնվել այդտեսակ գործերին», - նշեց նա:
Հայ համայնքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, նույնիսկ որոշ հակակրանք կա Նորայր Նակիսի նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, վերջինը «թուրքամետ է և Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի նկատմամբ անթաքույց համակրանք է ունեցել»:
«Հիշում ենք, որ երբ արգենտինահայ համայնքը, հատկապես երիտասարդները, Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիա էր կազմակերպել այն շենքի դիմաց, որտեղ գտնվում էր Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան: Այդ շենքից դուրս էին գալիս լրագրողները, բոլորը հետաքրքրվում, թե մենք ի՞նչ ենք ուզում, հետաքրքրվում էին, թե ինչու՞ ենք բողոքի ակցիա կազմակերպել: Բայց Նակիսը բացարձակապես չհետաքրքրվեց, և հետո մենք լուսանկարներ տեսանք, թե ինչպես է նա Էրդողանի հետ ողջագուրվում», - պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:
Ավելի ուշ, երբ համայնքում տարակուսել են Նակիսի այս վարքից, նա բացատրել է, որ ինքը Էրդողանին խնդրել է պոլսահայ համայնքին «լավ նայել»: «Բայց մենք չենք հավատացել այդ խոսքերին», - փոխանցեց մեր արգենտինահայ զրուցակիցը:
Նորայր Նակիսը բացի ֆուտբոլային գործունեությունից, նաև բիզնեսմեն է և, մեր զրուցակցի խոսքով, ոսկեղենի խանութներ ունի:
Ինչ վերաբերում է Նակիսի ձերբակալությանը, ապա մեր զրուցակցի խոսքով, ֆուտբոլային արգենտինահայ մենեջերի ձերբակալության պահին նրա հետ եղել է հայ երգիչ Թաթա Սիմոնյանը. այդ ժամանակ Նակիսը դիմավորելիս է եղել համերգ տալու համար Արգենտինա ժամանած երգչին:
«Հայ համայնքի անվան համար Նակիսի ձերբակալությունը լավ չէր, որովհետև շատերը մեզ ասում են՝ դուք ֆուտբոլի մաֆիա ունեք, այսպիսի խուլիգանություններ եք անում, այս եք անում, այն եք անում», - նշեց նա: