05/12/2017 17:12
Սոցապ նախարարը չի մեկնաբանում աղքատության մակարդակի վերաբերյալ ԱՎԾ տվյալները (Տեսանյութ)
Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեռ պետք է ուսումնասիրվեն, այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«ԱՎԾ-ի տրամադրած տեղեկությունը ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, բանականաբար, յուրաքանչյուր տարի, երբ հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մեր նախարարությունը ավելի մանրամասն ուսումնասիրում է բնակչության սոցիալական խմբերի հետ կապված փոփոխություններ կա՞ն, թե չկան», - հայտարարեց Արտեմ Ասատրյանը՝ չմեկնաբանելով աղքատության մակարդակի վերաբերյալ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները։
Կառավարության պաշտոնյան տեղեկացրեց, որ նախարարության կողմից կատարվելիք ուսումնասիրություններից հետո միայն կկարողանան «ավելի առարկայական եզրակացությունների գալ»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների, 2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 %՝ նախորդ տարվա՝ 29,8 %-ի համեմատ։ Այսինքն, աղքատ է տասը բնակչից երեքը։ Ըստ նույն տվյալների, 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: 2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ։