05/12/2017 13:15
ՊԵԿ փոխնախագահը չի բացառում, որ ոչ ԵԱՏՄ անդամ երրորդ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծումը կկրճատվի
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, քանի որ մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որով սահմանված է միասնական մաքսատուրք, այսօր այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Լրագրողի հարցին, թե հաջորդ տարվա հունվարից ի՞նչ չափի թանկացումներ են սպասվում Հայաստանում, ՊԵԿ պաշտոնյան պատասխանեց. «Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, կամ առհասարակ թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ, դժվար է պատասխանել: Օրինակ՝ թռչնի մասի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահամանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»:
Ըստ Միրումյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:
«Մենք ունենք ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծունմներով, բնականաբար, կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգմանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, դա նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015 թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018-ից տեղական արտադրողն ավելի լայն հնավորություններ է ունենալու, սա նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ՝ թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար», - հավելեց ՊԵԿ փոխնախագահը:
Նման քաղաքականության մյուս նպատակներից մեկն էլ, ըստ Միրումյանի, այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն:
ՊԵԿ պաշտոնյան միաժամանակ համաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե սա նաև նշանակում է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կրճատվելու են:
«Այո՛, եթե մաքստուրքի դրույքաչափերը բարձրանում են, ստեղծվում է այլ հավասար պայմաններում հնարավորություն այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է», - ընդգծեց նա:
Եվ այս բոլոր բաղադրիչների հանրագումարը, Միրումյանի խոսքով, Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել: