05/12/2017 14:08
Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Վիեննա. նախատեսված է նրա հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ
Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։
ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։