05/12/2017 12:46
Կարագի թանկացումը պայմանավորված չէ Հայաստանի ներքին քաղաքականությամբ. Խոսրով Հարությունյան
Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով, թանկացումները լավ բան չեն։
«Թանկացումները լավ բան չեն։ Որևէ սպառողին, նույնիսկ ամենահիմնավորված թանկացումները չեն կարող բավարարել», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հարությունյանը՝ պատասխանելով թանկացումների մասին հարցերին։
Հարցին, թե պատգամավորը տեղյա՞կ է, որ սոված ընտանիքներ կան, Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ սոցիալապես լարված վիճակում գտնվող ընտանիքներ կան, բոլորին է հայտնի։ Իշխանության քայլերն են հասկանալ, որ կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա և պայմանավորված են քաղաքականությամբ և կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա և դա պայմանավորված չէ մեզնով»։
Պատգամավորը հստակեցրեց, որ այն դեպքում, երբ գների ավելացումը պայմանավորված է դրսի գործոններով, այդ պարագայում Հայաստանի իշխանություններն անելիք չունեն. «Բոլորը գիտեն, որ նորզելանդական կարագը միջազգային շուկայում թանկացել է։ Ինչու է թանկացել, չեմ կարող ասել, հետևաբար կարագի թանկացումը պայմանավորված չէ Հայաստանի ներքին քաղաքականությամբ»։
Լրագրողի դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքի մասին պայմանագիրը վավարացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հունվարից մեծ թվով ապրանքներ թանկանալու են, Հարությունյանը չհամաձայնեց։
«Մաքսային օրենսգիրքը որևէ կապ չունի դրույքաչափերի հետ, և այդ փաստաթուղթը ընդամենը մաքայիին ընթացակարգերը պարզեցնում է հօգուտ տնտեսվարողների։ Դա պետք է անպայման ընդունել», - ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով սահմանի վրա երրորդ երկրներից մաքսային դրույքաչափերի ավելացմանը, պատգամավորը նկատեց. «Բոլոր այն երկրները, որոնք ԵԱՏՄ-ում ունեն սեփական արտադրությունը, ապա այդ դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը, որովհետև դա միտված է պաշտպանելու ներքին արտադրողին։ Մենք ԵԱՏՄ-ի տարածքում կունենանք սեփական արտադրության ապրանքներ։ Այն ապրանքները, որոնք չունեն սեփական արտադրող, դրանց դրույքաչափերը սահմանի վրա չեն ավելացվելու։ Հետևաբար այն զրույցները, որ մաքսային սահմանի վրա դրույքաչափերը բերելու են ապրանքների համատարած գների թանկացմանը, չի համապատասխանում ոչ իրականությանը, ոչ էլ տրամաբանությանը»։