05/12/2017 14:16
Հայաստանում աղքատության մակարդակը 29.4 % է, 10 բնակչից 3-ը աղքատ է. ԱՎԾ
2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 %՝ նախորդ տարվա՝ 29,8 %-ի համեմատ, Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրել է պաշտոնական վիճակագրությունը:
«2016թ Հայաստանի տնտեսական աճի տեմպը նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով», - հայտարարեց ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան։ Նրա խոսքով՝ այսպիսի համեստ աճը բավարար չէ աղքատության մակարդակի նվազման համար:
ԱՎԾ նախագահի խորհրդականը ներկայացրեց, որ երկրում 10 բնակչից 3-ը աղքատ է, սպառում է նախանշված 48 367 դրամից ավելի քիչ գումար:
Ըստ վիճակագրության՝ 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: 2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ։
Աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում և երկրի այլ քաղաքներում մեծ է:
Երևանում աղքատության մակարդակը 24.9% է, այլ քաղաքներում՝ 33.2%։
Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը:
«Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը», - ասաց Դիանա Մարտիրոսովան։