05/12/2017 20:13
Բիյոնսեից՝ Կոմիտաս, լողավազանից՝ եկեղեցի. Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը հանրությանը կներկայանա տարբեր երաժշտական ոճերում
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն ու ամուսինը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը, շուտով հանրությանը կներկայանան նոր, աննախադեպ նախագծով: Դերասանուհին ստանձնելու է երգչուհու, ամուսինը՝ պրոդյուսերի պարտականությունը: Արդեն իսկ որոշված է նաև նախագծի անունը:
«Կարծում եմ՝ նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Այն կոչվելու է «Natural reverb» (բնական արձագանք): Մոտ օրերս առաջին տեսահոլովակի պրեմիերան կլինի: Ասեմ, որ ամբողջ տեսահոլովակը մեկ կադրով է նկարվում, ես էլ կենդանի ձայնով եմ երգում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ն. Բաղդասարյանը:
Դերասանուհին հանդես է գալու երաժշտական տարբեր ժանրերում: Նկարահանման համար այնպիսի վայրեր են ընտրվում, որտեղ բնական արձագանք կա ու ձայնը ճիշտ կհնչի: Առաջին նկարահանման համար, որի շրջանակում դերասանուհին ներկայացել է Բիյոնսեի «Runnin» կատարումով, ընտրվել է լողավազանը: Նախատեսել են հաջորդ նկարահանումը եկեղեցում անել, որտեղ, բնականաբար, կհնչի Կոմիտասի ստեղծագործություններից:
Դերասանուհին խոստովանում է՝ երգի և երաժշտության հանդեպ սերն իր մեջ ծնվել է մանկուց: Նկատառմանը, թե արդյոք ձայնային լավ տվյալներ ունեցող երգչուհու համար առավել արդյունավետ ու նպատակահարմար չի լինի բեմական գործունեությունը շարունակել Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում, պատասխանեց.
«Դեռ շատ փոքր, բայց երգում էի ամենուր՝ տանը, դրսում: Մեր բակի երեխաների համար համերգ էի կազմակերպում. ես երգչուհին էի, նրանք՝ հանդիսատեսը: Առաջին դասարանում մոտեցա ռուսերենի ուսուցչուհուն ու խնդրեցի՝ թույլ տա ամեն դասի վերջում մի երգ կատարեմ: Այսօր, վերջապես, ամուսնուս շնորհիվ երազանքս կատարվեց (ժպտում է, հեղ.)… Ինչ վերաբերում է թատրոնի փոփոխությանը, ասեմ, որ թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Պատանի հանդիսատեսի թատրոն ու առ այսօր այստեղ եմ: Շատ եմ սիրում մեր թատրոնը, որտեղ շատ են բեմադրվում նաև երաժշտական ներկայացումներ: Թե հետագայում ինչպես կլինի, չգիտեմ, բայց ես հիմա ինձ այստեղ շատ լավ եմ զգում»:
Նոր զբաղմունքը դերասանուհուն չի խանգարի պրոֆեսիոնալ գործունեության հարցում: Նկատում է՝ ինքը դերասանուհի է, ով նաև երգում է: Երջանիկ է բազմազբաղվածության համար, դա իրեն լիարժեք է դարձնում:
Նազիկ Բաղդասարյանն այն դերասանուհիններից է, ում էկրաններին քիչ ենք հանդիպում: Հարցին՝ նման լռությունը առաջարկի պակասի՞, թե՞ այդ ամենից հրաժարվելու արդյունք է, ընդգծեց.
«Ես երբեք չեմ ձգտել սերիալներում խաղալ: Նախընտրում եմ ընդունել այն առաջարկներն ու աշխատել այն պրոյեկտներում, որոնք որպես դերասանուհի ինձ չեն վնասի: Եվ հետո, երբ շատ անգամ մերժում ես, ի վերջո սկսում են կամաց-կամաց դրանք պակասել: Այո՛, կար մի շրջան, երբ ես մերժում էի ցանկացած առաջարկ: Սակայն, չեմ թաքցնի, եթե այսօր լավ առաջարկ ստանամ, գուցեև չմերժեմ: Բայց մի պայմանով՝ սցենարը պարտադիր պետք է իմ սրտով լինի»:
Շատերի կարծիքով՝ նույն մասնագիտության տեր ամուսիններն ընտանիքում միմյանց առավել լավ են հասկանում, ոմանք էլ՝ հակառակում են համոզված: Այնուամենայնիվ, դերասանի, առավել ևս՝ դերասանուհու համար Հայաստանում բարդույթները շատ են: Հաճախ էլ հենց դերասանուհիններն են իրենց առջև արգելքներ դնում՝ խուսափելով կողմնակի խոսակցություններից:
«Ասեմ, որ մեզ համար, միանշանակ, հեշտ է նույն ասպարեզում գտնվելը: Մենք միմյանց շատ ենք օգնում, քննարկում ենք ցանկացած հարց: Մի քանի համագործակցություն ենք ունեցել ոչ միայն բեմում, այլև՝ ֆիլմում… Իսկ մասնագիտական բարդույթների հետ կապված մեկ բան կասեմ. եթե դերասանի մասնագիտությունն ես ընտրում, շատ ու շատ հատկանիշներից բացի պետք է նաև համարձակ լինես, քանի որ մեր ասպարեզն անընդհատ պայքար է: Ես շատ նվիրված եմ իմ մասնագիտությանը, բայց կան սկզբունքներ, որոնց վրայով երբեք չեմ անցնի», - ասաց նա:
Դերասանների որդին արդեն 4 տարեկան է: Ընտանիքի համալրման մասին ծնողները դեռևս չեն մտածում: Փոքրիկ Դանիելը մենակ չի էլ ձանձրանում, թատրոնների մշտական հանդիսատեսն է ու ծնողների ամենամեծ երկրպագուն:
«Առայժմ ամբողջ սերս տալիս եմ իմ Դանիելին, երբ կարոտեմ այդ վիճակները, կմտածեմ ևս մեկ փոքրիկի մասին: Տղաս հիմա մենակությունից չի դժգոհում: Քանի որ մեր թատրոնում հիմնականում մանկական ներկայացումներ են բեմադրվում, նա մշտապես առաջին հանդիսատեսն է լինում: Անգիր գիտի բոլոր ներկայացումները, ու երբ տուն ենք վերադառնում, տվյալ օրվա ներկայացումն ինձ հետ տանը բեմադրում է, ինքն էլ անպայման գլխավոր հերոսն է լինում: Նաև հաճախ ենք գնում Խամաճիկների թատրոն: Դա էլ տղայիս սիրելի վայրերից մեկն է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նազիկ Բաղդասարյանը: