05/12/2017 13:32
Հայաստանի երեխաների 1/3-ն աղքատ է, Շիրակում աղքատ է երեխաների կեսից ավելին. զեկույց
Հայաստանում երեխաների ավելի քան 1/3-ն աղքատ է, այս թիվն այսօր հրապարակվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի ներկայացման ընթացքում։
Ըստ նույն հրապարակման՝ ծայրահեղ աղքատ է երեխաների 2%-ը, աղքատ՝ 34.2 %-ը։
Նշվում է, որ 15-17 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը։
Զեկույցում նշվում է, որ ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր` 0.0%-ից (Արագածոտն) մինչև ամենաբարձր` 3.7% (Շիրակ): Նմանատիպ միտում է նկատվում նաև երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 11.7%, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է՝ 50.9%:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոն այսօր զեկույցի հրապարակման ընթացքում հայտարարեց, թե պետք է հասկանալ՝ թե ինչ կարելի է անել այս տվյալներով, որպեսզի մյուս տարի պատկերն այլ լինի։
«Տեսնում ենք, որ գրեթե ոչ մի տարբերություն չկա երեխաների աղքատության մակարդակի մեջ, եթե համեմատենք նախորդ տարվա տվյալների հետ։ Իսկ դա ցույց է տալիս, որ գուցե արվող միջամտությունները բավարար չեն։ Երկիրն, իհարկե, շատ մեծ աշխատանք է անում ընդհանուր զարգացման ուղղությամբ, բայց երեխաների աղքատության վրա դա մեծ արտացոլում չի ունենում», - ասաց Մերսի Թեմբոն։
Նա նշեց, թե Շիրակում երեխաների կեսից ավելին աղքատ է, և սա մշտական տվյալ է։
«Հարց է, թե երկրի այս մարզի համար հատկապես ինչպիսին է ապագան», - հարց բարձրացրեց ՀԲ ներկայացուցիչը։
Մերֆին ասաց, թե երկիրն աղքատության վերացման ուղղությամբ քայլեր անում է, միաժամանակ նշելով, թե այդ քայլերը Շիրակից պետք է սկսել, որպեսզի տարածվածությունն ավելի մեծ չլինի։
«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ որևէ մեկին աչքաթող անել, հատկապես՝ իր երիտասարդ սերնդի 1/3-ին չի կարող ուշադրությունից զուրկ թողնել», - ընդգծեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենը։