06/12/2017 13:28
2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում. Արա Բաբլոյան
Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային, «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար», - նշեց նա:
Բաբլոյանի խոսքով՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ասվում է՝ եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը:
«Բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել: Անկեղծ պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում», - նկատեց Բաբլոյանը:
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է, քանի որ դրանում տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր կա, մտահոգիչ է, որովհետև բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես, կրթության ու առողջապահության հանդեպ:
«Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ քաղաքացու առողջության և թե՛ առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ», - նկատեց նա:
Նախագիծը քվեարկության կդրվի ուրբաթ օրը: