06/12/2017 10:36
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը
Խորհրդարանն այսօր վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինիս դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը:
Պայմանագրով նախատեսվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները, բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը:
Պայմանագրում տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթները` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն և լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում և այլն:
Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում` ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն:
Վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը` առանց երկարաձգման հնարավորության: Հստակեցվել են գործող մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին վերաբերող կարգավորումները:
Խորհրդրանը նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որին դեմ քվերակեցին մաինն «Ծառուկյան» խմբակցության 23 պատգամավորներ: