06/12/2017 14:01
Ադամ Բարրոն ԱՄՆ-ում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգին
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին ԼոսԱնջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում: «Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: 1988 թ-ի այդ օրը ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ:
Այս համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը:
«Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում, պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն էաշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն:
Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից:
Դեկտեմբերի 21-ին էլ Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Հայկական կաթոլիկ եկեղեցում կհնչեն հայկական, ռուսական և ֆրանսիական ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ:
Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա Ադամ Բարրոն և ընկերները համերգային ծրագրով, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց՝ Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունում: Ելույթ կունենա նաև Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: