07/12/2017 15:28
Ադրբեջանը վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին. ինը պատճառ, թե ինչու հնարավոր չի եղել առաջընթացը բանակցային գործընթացում
Առկա են մի շարք պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ԼՂ կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք սկզբունքները, ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից:
«Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը», - ընդգծել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, չորրորդ պատճառն է՝ համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, ինչը բացահայտորեն մատնացույց է անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը:
«Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
Վեցերորդ պատճառը, նրա խոսքով, այն է, որ բանակցային գործընթացին լուրջ հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ագրեսիայով:
«Յոթերորդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված և հայտարարված պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները», - նշել է նա:
Է.Նալբանդյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են:
«Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ով իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում», - ընդգծել է նախարարը:
«Իններորդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանն սկսեց պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ», - նշել է նա: