07/12/2017 15:40
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից
Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել ԼՂ հարցով խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:
«Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը», - ասել է Է.Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից:
«Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները», - ասել է նախարարը:
Է.Նալբանդյանի խոսքով, եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար:
«Համոզված ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա: Այս ընկալմամբ եմ վերջին տարվա ընթացքում 6 անգամ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջս և վերջին անգամ հենց երեկ` նախարարական խորհրդի շրջանակներում: Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդությունը հնարավորություն ընձեռեցին նախապատրաստել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: 16 ամսվա ընդմիջումից հետո դա նախագահների առաջին հանդիպումն էր, որն անցավ հիմնականում դրական մթնոլորտում», - ասել է Է.Նալբանդյանը:
Նա նշել է նաև, որ մոտ չորս տարվա ընդմիջումից հետո Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել:
«Նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում է այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարությունների մեջ: Ժնևի հայտատարարությունը նաև շեշտում էր բանակցային գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտությունը, և սրան նույնպես Հայաստանը մշտապես աջակցել է։ Ցավոք, գագաթաժողովից անմիջապես հետո Բաքուն կրկին վերադարձավ իր անհիմն մեղադրանքների և ռազմատենչ հռետորաբանության ոճին», - ասել է Է.Նալբանդյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի իր գործընեկրոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր. «Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»։
ՀՀ արտգործնախարարի խոսքով, հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը:
«Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը», - ընդգծել է նա: