07/12/2017 20:32
ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է Սարգսյանի և Ալիևի վրա, հայտարարել են Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքներով։
Նրանք նշել են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պահպանում են միասնական հանձնառություն, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:
«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման վերաբերյա՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ: Մենք մեր գոհունակությունն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։
Սերգեյ Լավրովը, Ռեքս Թիլերսոնը և Վերոնիկ Ռոժե-Լականը նշել են, որ հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը:
Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ կողմերը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների միջև շփումների վերականգնումը և աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց: Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջումները, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա», - նշված է հայտարարության մեջ: