07/12/2017 20:19
Ողնաշար ունեցող տղամարդն ամեն ինչի կարող է հասնել. Սամվել Գրիգորյանը դարձավ 48 տարեկան
Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 48-րդ տարեդարձը: Տոնական օրն այս տարի հոբելյարը որոշել է անցկացնել ընտանիքի անդամների ու ընկերների միջավայրում՝ քաղաքի գեղեցիկ վայրերից մեկում: Օրվա անակնկալները նրա համար սկսել են դեռևս կեսգիշերից: Հեղինակներն ընկերներն են եղել, ովքեր կեսգիշերին հանկարծակի հայտնվել են նրա աշխատավայրում:
48-ամյա երգիչը կեսկատակ-կեսլուրջ նկատում է՝ եթե տարիքը կանանց վախեցնում է, ապա տղամարդկանց դեպքում հակառակն է՝ ուրախացնում է:
«Տարիքի հետ տղամարդն առավել իմաստուն է դառնում, քանի որ կյանքն իր հետ տարբեր իրավիճակներ է բերում, որոնք տղամարդուն տեսակավորում, ձևավորում են: Տարիներն ավելի խելացի են դարձնում յուրաքանչյուրիս: Ամեն դեպքում, ես նման զգացողություն եմ ապրում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Սամվել Գրիգորյանը չի թաքցնում՝ նվերներ տալուց զատ ուրախանում է նաև նվերներ ստանալիս: Ժպիտով նկատում է՝ այսօր արդեն ստացել է շատ նվերներ ու դեռ պատրաստվում է ստանալ. տոնական երեկոն առջևում է, հյուրերն առանց նվերների չեն գա:
«Բայց իմ կայնքի լավագույն նվերն իմ ընտանիքն է՝ լավ կին, լավ երեխաներ, համերաշխ ու խաղաղ մթնոլորտ: Նյութականը միայն պահի համար է, այն կյանքը հետաքրքիր չի դարձնում: Կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիքն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Սամվել Գրիգորյանի մոտ ամենաշատը տպավորվել է 1988-ի ծննդյան տարեդարձը. 19-ամյա երիտասարդն այդ օրը բոլորովին այլ պլաններ ուներ, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում փոխվեց: Դրանից հետո երկար տարիներ նրա տարեդարձը նշվում էր դեկտեմբերի 8-ին կամ 9-ին, բայց ոչ երբեք 7-ին:
«1988 թվականին նախապես պատրաստվել էինք, որ երեկոյան պետք է նշենք ծնունդս: Բայց այն, ինչ եղավ առավոտյան, բնականաբար, փոխեց ամբողջ ընթացքը: Այդ օրվանից սկսած՝ տևական ժամանակ ծննդյանս օրը «փոխել» էի, քանի որ Հանրապետությունում սգո օր էր հայտարարված: Բայց արդեն մի քանի տարի է՝ ճիշտ նույն օրն եմ նշում: Վերքերն ինչ-որ չափով թեթևացան, բուժվեցին ու ավելի հանգիստ ենք նայում այդ հարցին. դեկտեմբերի 7-ն ինձ համար կրկին իմ տոնն է: Ու կարծում եմ՝ այս օրը պետք է շատ բալիկներ ծնվեն, որպեսզի ողբերգության պատճառով առաջացած պակասը լրացվի»,- ասաց հաղորդավարը:
Երգիչ, հաղորդավարն ինքն իրեն ու բոլորին միայն մեկ մաղթանք ունի՝ ապրել խաղաղ երկնքի տակ:
«Խելացի մարդիկ, ողնաշար ունեցող տղամարդն ամեն ինչի կարող է հասնել: Թող միայն խաղաղություն լինի, որպեսզի բոլորս հանգիստ լինենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սամվել Գրիգորյանը: