08/12/2017 10:22
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Oրենքի նախագիծը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնություն հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:
Վարման կարգով ելույթում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք խմբակցությունում ունեցել են քննարկումներ, որոնց արդյունքում եկել են եզրահանգման, որ յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի ազատ՝ իր ցանկությամբ:
«Ոչ թե խմբակցության, այլ որպես պատգամավոր իմ անունից ասում եմ՝ այս օրենքի անունը հանգիստ կարելի է դնել «ՀՀ օրենքը տնաքանդության մասին»», - նշեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ ձայներով: