08/12/2017 10:19
Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի բյուջեի նախագիծը
Խորհրդարանն այսօր 64 կողմ, 35 դեմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագիծը:
2018 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156,9 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները:
4 մլրդ դրամով ավելացվել է պետական բյուջեի պահուստային ֆոնդը, որը մասամբ պայմանավորված է 2018 թվականին նախատեսված 3 կարևոր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ: 1 մլրդ դրամով կավելացվի «Հայաստան» զորախմբի ֆինանսավորումը: Մասնավորապես՝ լրացուցիչ 4 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահության ոլորտին, որի շնորհիվ կավելացվի հիվանդանոցային, արտահիվանդանոցային որոշ ծրագրերի ֆինանսավորումը:
«Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վարման կարգով ելույթում ասաց, որ խմբակցությունը դեմ է քվերակելու բյուջեի նախագծին, քանի որ դրանում տնտեսական աճի ու զարգացման համար հիմքեր չկան:
«Մենաշնորհների դեմ ազատ արդար մրցակցային պայմաններ ձևավորելու համար չեն ձևավորվում պամաններ: Մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը, և «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին», - ասաց նա: