08/12/2017 15:26
Հայաստանում սա առաջին մասշտաբային, հետաքրքիր էֆեկտներով ու լուծումներով ամանորյա մյուզիքլ-շոուն կլինի. Սունդուկյանի թատերախմբի ղեկավար
Դեկտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռները կբացի փոքրիկ հանդիսատեսի առջև: Լիլի Էլբակյանի սցենարով և բեմադրությամբ պատրաստվող մանկական երաժշտական ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ արտիստները: Բեմում կլինի նաև պարային խումբ, որը թատրոն է հրավիրվել հատուկ այս ներկայացմանը մասնակցելու համար:
«Կարծում եմ՝ Հայաստանում սա առաջին նման մասշտաբային, հետաքրքիր էֆեկտներով ու լուծումներով մյուզիքլ-շոուն կլինի: Շատ գունեղ ու լուսավոր ներկայացում է լինելու, որը ոչ միայն ամանորյա, այլև ընթացիկ խաղացանկում կընդգրկվի», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի թատերախմբի վարիչ Ալիկ Թադևոսյանը:
Լիլի Էլբակյանի «Սառցե սիրտ»-ը որևէ կապ չունի Անդերսենյան հեքիաթի կամ «Ուոլթ Դիսնեյ փիքչրս»-ի մուլտֆիլմի հետ: Սցենարի հեղինակը հենց Լիլին է, ով այս ներկայացման շրջանակներում հանդես է գալու նաև որպես բեմադրիչ:
«Այս ներկայացումն իր մեջ ունի և՛ ուսուցողական, և՛ խրատական ու դաստիարակչական միտում: Հերոսների միջոցով հանդիսատես փոքրիկներին կբացատրվի՝ ինչն է կարելի և ինչը՝ ոչ: Ոչ մի տեսարանը մյուսին չի կրկնելու, անընդհատ նորություններ են լինելու: Համդիսատես-դերասան կապը պահվելու է, երեխաները դառնալու են ներկայացման մասնակիցները», - ընդգծեց մեր զրուցակիցը:
1 ժամյա մյուզիքլում խաղում են դերասաններ Գնել Ուլիխանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Արաքսյա Մելիքյանը, Ալիկ Թադևոսյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Տաթևիկ Հոռոփյանը, Մեսրոպ Աբթոյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք: