08/12/2017 13:41
Անարդարացի է. ՀԱՕԿ-ն ու սպորտի նախարարությունն աջակցություն են հայտնում ՌԴ օլիմպիական կոմիտեին (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը և հայտարարում են, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով», - այսօր հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ նախարարությունն ու ՀԱՕԿ-ը դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը՝ միաժամանակ գտնելով, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ:
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո և հաղթանակի դեպքում, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են», - ընդգծեց նա։
Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նախարարությունն ու ՀԱՕԿ-ն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին:
«Միաժամանակ, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին», - նշեց նախարարը։