09/12/2017 13:50
Տնտեսական զարգացում չի կարող լինել, եթե համայնքի խնդիրները չլուծվեն. Դավիթ Լոքյան
Համայնքներում մենք հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման կարիք ունենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք լուրջ բացթողումներ ունենք այդ բազաներում, որի արդյունքում, մեր համայնքերի բյուջեները պակաս մուտքեր են ունենում: Սա խանգարում է նաև ճշգրիտ ՀՆԱ-ի գրանցմանը և երկրի ընդհանուր ՀՆԱ ծավալների ապահովմանը», - նշեց նախարարը:
Լոքյանն ընդգծեց, որ վերջին մի քանի ամիսներին անցկացրած ստուգումները ցույց են տվել՝ մարզերում կա շուրջ 4500 հեկտար նոր այգի, որոնք կադաստրային գրանցում չունեն:
«Իրականության մեջ պարզվում է, որ մենք այդպիսի այգիներ չունենք: Բայց այգին կա ու հսկա բերք է տալիս, դա հսկա ՀՆԱ է, որը երկրի համար խիստ կարևոր ցուցանիշ է վարկեր ներգրավելու, դրամաշնորհներ ստանալու համար», - նկատեց նա:
Նախարարի խոսքով՝ տնտեսական զարգացում չի կարող լինել, եթե համայնքի խնդիրները, ինչպես օրինակ ճանապարհների բարեկարգումը, լույսի, գազի ու ջրի ապահովումը, չլուծվեն:
«2018-ից սկսած մեր խնդիրն է դառնում այս խնդիրների լուծումն ու բիզնեսի մոտցեումը ծայրամասեր, որպեսզի մենք ունենանք տարածքային համաչափ զարգացում: Պետությունն այսօր տարբեր միջազգային կազմակերպություններից և իր բյուջեից մարզեր ու համայնքներ հսկայական գումար է ուղղում, բայց թիրախավորված չեն խնդիրները, տարբեր գերատեսչությունների գործառույթները ևս հստակեցված չեն, ինչը թույլ կտար մեկ տարի հետո ՀՆԱ արդյունքի աճ ֆիքսել», - նկատեց նա:
Լոքյանը նաև ընդգծեց, որ «Տարածքների համաչափ խորհուրդը», որը վարչապետն է ղեկավարելու, կկարողանա ուղղություններով օգտագործել եղած միջոցներն ու կլինեն շոշափելի արդյունքներ: