09/12/2017 14:45
ԵՄ-ն և Ճապոնիան պայմանավորվել են աշխարհում ազատ առևտրի խոշորագույն գոտին ստեղծելու մասին
Եվրահանձնաժողովը և Ճապոնիան համաձայնեցրել են ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի վերջնական տարբերակը, հայտարարել է առևտրի հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Գործնականում այս առևտրային համաձայնագիրը հանդիսանում է խոշորագույնը մեր կողմից երբևէ կնքված փաստաթղթերից», -ընդգծել է Մալմստրյոմը:
Համաձայնագրի կնքման դեպքում կստեղծվի աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտին: Ճապոնիան երկրորդ է G7-ի երկրներից Կանադայից հետո, որի հետ Եվրամիությունը նման պայմանավորվածություններ է կնքում:
Կողմերը դեռ չեն համաձայնեցրել ներդրումների պաշտպանության հարցը, որը երկու երկրի միջև ազատ առևտրի իրականացման համար վերջին խոչընդոտն է: